Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա»

«Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա»
13.10.2015 | 11:48

«Ի՞նչ է հույսը», «Ո՞Ւմ վրա կարող ենք մեր հույսը դնել» և վերջապես «Մեր կյանքի համար ինչքանո՞վ է կարևոր հույս ունենալը»։ Սրանք հարցեր են, որոնք յուրաքանչյուրիս էլ հետաքրքրում են, և փորձում ենք գտնել դրանց պատասխանները։
«Ինչպես խարիսխն ալեկոծության ժամանակ նավը փրկում է խորտակումից, այդպես էլ հույսը նեղության ժամանակ մարդուն փրկում է վտանգից,- ասում է Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին և շարունակում է,- իսկ երբ հույսի պարանը կտրվում է, մարդն իսկույն ընկնում է հուսահատության հոսանքի մեջ, որովհետև ինչոր նավի մեջ խարիսխն է, նույնը մարդու մեջ հույսն է: ՈՒստի պետք է փորձել բոլոր նեղությունների ժամանակ, որոնք կարող են կյանքի ընթացքում պատահել, առանց կասկածելու հույս ունենալ, որովհետև միայն նրանով հնարավոր կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները»:
Աշխարհը թողնողը մտնում է կյանքի բոլորովին նոր ասպարեզ, որը, անշուշտ, ամբողջությամբ անծանոթ չէ մեզ, սակայն ունենում է շատ կողմեր, որոնք մեր կամքից անկախ այսպիսի հարցեր են առաջացնում՝ ի՞նչ անել կամ ինչպե՞ս ապրել։
Այս հարցին պատասխանում է Սուրբ Անտոն Մեծը. «Հույսդ մի դիր քո արդարության վրա, ճշմարտապես զղջա քո անցյալ մեղքերի համար, սանձիր լեզուդ, սիրտդ և որովայնդ»։ «Բոլոր գործերից առավել լավը, որը կարող է կատարել մարդը, իր մեղքերն Աստծու և իր ծերերի առաջ խոստովանելն է, ինքն իրեն դատելը և մինչև վերջին շունչը պատրաստ լինելը հանդիպելու ամեն մի փորձության»։
«Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմ. 5:5),- ասում է Պողոս առաքյալը հռոմայեցիներին ուղղված իր թղթում։
Հույսն այն գերբնական առաքինությունն է մեր մեջ, որը մեզ մղում է Աստծուց մի բարիք ակնկալելու և սպասելու։ Հետևաբար հույսն իրեն հենակետ ունի Նրան և իբրև նպատակակետ՝ բարին։ Հույսը հավատքի վրա հիմնված մի առաքինություն է, որի միակ պատասխանը տվողը՝ Աստված Ինքն Է։
Գրելով կորնթացիներին, Պողոս Առաքյալն ակնարկում էր, թե ժամանակը մոտենում է, երբ «Հավատքը պիտի փոխարինվեր գիտությամբ և թե Հույսը վերջապես պիտի գտներ իր իրականացումը», «Հավանաբար կարելի է հավատք և հույս ունենալ առանց սիրո, սակայն, մյուս կողմից, այդ անհավանական է, քանի որ ճշմարիտ սերը լի է հավատքով ու հույսով»։ Դրա համար էր, որ դարեր շարունակ տարբեր մոտեցումներով առաքյալներից սկսած մինչև մեր եկեղեցու հայրերն ու բանաստեղծները, երգել են հավատով և հույսով լի սերը։ Սերը, որը հույս և հավատ է ներշնչում կորածին ու մոլորվածին, սերը, որ հույս և հավատ կոչվող այս երկու արժանիքներին իրապես տալիս է իրենց դիրքին պատշաճ բարձրությունը։
Հետաքրքիր մի հարց է ծնվում մեր մտքում, «Իսկ ո՞ւմ վրա կարող ենք հույս դնել»։
Սաղմոսերգուն հստակորեն պատասխանում է այս հարցին.
«Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն, քանզի նրանից է իմ համբերությունը։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ չսասանվեմ։ Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ։ Եվ Աստծու վրա է հույսն իմ։ Ձեր հույսը դրեք նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ, բացեք նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից» (Սաղմ. 61:6-9):
«Հույս մի դրեք անիրավության վրա, հափշտակություն մի ցանկանաք, եթե հարստությունն առվի պես իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան» (Սաղմ. 61:11):
Երբեք մարդու վրա հույս մի դրեք, քանի որ նա փոփոխական է։ «Այսպես է ասում Տերը. Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին» (Երեմ. 17:5)։ Ձեր հույսը դրեք Աստծու վրա, որովհետև Աստված երեկ նույնն էր, այսօր նույնն է և հավիտյանս նույնը պիտի մնա, չի փոխվելու։ «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. 18:7)։ Հիշեք Հիսուսի կյանքի վերջին օրերը, երբ Ծաղկազարդին ժողովուրդն ուրախությամբ ու ցնծությամբ դիմավորում էր Օծյալ Թագավորին` Նրա ոտքերի տակ փռելով զգեստներ, ձիթենու և արմավենու ճյուղեր, առաջնորդելով Նրան դեպի տաճար։ Իսկ մեկ շաբաթ անց Հիսուսին օրհնաբանող այդ նույն մարդիկ գոռում էին՝ «Խաչ հանեք դրան, խաչ հանեք»։ Այս է մարդը, «այսօր այսպես է, վաղը մի այլ կերպ»։ Հիսուս դարձավ մարդկային անհուսալիության զոհը։
ՈՒրեմն եկեք շահենք այն կյանքը, որը Նա մեզ ժառանգ թողեց։ Ճշմարիտ կյանքը Քրիստոսն է, որին ունենալու համար մեր կյանքի օրերը պիտի լցնենք իրար հանդեպ ունեցած հույսով, հավատով ու սիրով։ Ամեն։

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3739

Մեկնաբանություններ